Հենաշարժիչ համակարգի ամենատարածված հիվանդություններից է կոքսարթրոզը,որը կոքսոֆեմորալ (ազդրային) հոդի արթրիտն է։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի միկրովիրաբուժության ծառայության ղեկավար օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Մամբրեյանը նշում է, որ այս հիվանդության հիմնական պատճառը հոդային հյուսվածքների արյան մատակարարման վատթարացումն է՝ զարկերակային ներհոսքի և երակային արյան արտահոսքի խախտման պատճառով։
Ներկայացնում ենք բժշկի դիտարկումները այս հիվանդության մասին։
- Եթե հիվանդը գանգատվում է կոնքազդրային հոդի ցավից, ապա հնարավոր է, որ դա կոքսարթրոզ է։
- Հիվանդությունը ինքնաբերաբար չի առաջանում, այն կարող է շարունակվել մի քանի տարի՝ ունենալով լատենտ բնույթ։ Անժամանակ ախտորոշմամբ առաջանում են ուժեղ ցավեր, որոնք հիվանդին ստիպում են դիմել բժշկի։
- Հաճախ զարգացման պատճառը նաև ազդրի հոդի ծանրաբեռնվածությունն է։ Պատճառ կարող է դառնալ նաեւ բնածին պաթոլոգիան, օրինակ՝ հոդերի դիսպլազիան։
- Հատկապես ռիսկային են 40 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ, ընդ որում՝ ավելի շատ կանայք, քան տղամարդիկ։
- Կոքսարթրոզի հիմնական ախտանիշների շարքում անհրաժեշտ է առանձնացնել ցավը, որը կարող է առաջանալ աճուկի, ծնկահոդի և ազդրի հատվածում։ Շարժումները կոշտանում են, հոդերը կոշտ են շարժվում, առաջանում է կաղություն, փոխվում է քայլվածքը, զարգանում է ազդրի մկանների ատրոֆիա, իսկ այն կողմում, որտեղ ցավն անհանգստացնում է, վերջույթը կարճանում է։ Բնորոշ ախտանշաններից են նաեւ՝ անկարողությունը հանգիստ նստել կոշտ մակերևույթի վրա, սուզվել ավելի ցածր, օրինակ՝ նստել աթոռի/մահճակալի վրա:
- Կա նաև ազդրի հոդի երկրորդական արթրոզ, որի պատճառը մի շարք հիվանդությունների զարգացումն է։ Այն ախտորոշվում է ռենտգեն, համակարգչային շերտագրություն(ԿՏ), ՄՌՏ հետազոտություններով:
Բուժումը
Կարող է բուժվել ինչպես պահպանողական, այնպես էլ վիրաբուժական ճանապարհով: Եթե դեղահաբերը, դեղերը, վարժությունները չեն օգնում, վիրահատության միջոցով հոդի փոխարինումը կատարվում է պրոթեզով։ Պրոթեզի իմպլանտացիայից հետո հոդի աշխատունակությունը լիովին վերականգնվում է, հիվանդները կարող են ապահով տեղաշարժվել, սպորտով զբաղվել, նորմալ ակտիվ կյանք վարել։ Էնդոպրոթեզը կծառայի առնվազն 15-20 տարի։
Ներկայումս էնդոպրոթեզավորումը հոդերի հիվանդությունների բուժման վերջին փուլն է: Այն թույլ է տալիս կարճ ժամկետներում վերականգնել ախտահարված հոդի շարժունությունը, բացառել երկարատև անշարժացումը և նվազեցնել երկարատև անկողնային ռեժիմի հետ կապված մի շարք բարդություններ։ Դա առանձնապես կարևոր է մեծահասակ և ծերունական տարիքային խմբերում:
.png)